ARAM. Технологии Blogger.

четверг, 21 марта 2013 г.

Կենաց Ծառ


ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի` հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին` ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը` ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կենաց ծառի արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը` ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

Կենաց ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններով` աշխարհածառ, տիեզերական ծառ (arbor mundi), բեղմնավորության ծառ, երկնային ծառ, բարու ծառ, աշխարհի առանցք ևն: Լինում է եռամաս, քառամաս, առկա է գրեթե բոլոր դիցաբանություններում, աշխարհաստեղծման առասպելներում, գեղարվեստական մշակույթներում, աճի հետ կապված համակարգերում, արվեստներում, վիպական և քնարական երկերում` ստանալով բազմապիսի ձևեր: Շումերական, աքքադական, եգիպտական, ասորա-բաբելական, ուրարտական-հայկական, իրանական մշակույթներում այն հանդես է գալիս և որպես վիպական-գրական երևույթ (Ինաննա աստվածուհուն նվիրված շումերական, աքքադա-բաբելական ներբողներում, զրադաշտական օրենքներում, վեդաներում և ուպանիշադներում ևն), և ստանում բազմապիսի արտահայտություններ կերպարվեստում (ամերիկա-հնդկացիական, եգիպտական, հս. ժողովուրդների, հնդեվրոպական, ասորա-բաբելական, հայկական, իրանական, հունա-հռոմեական ևն): Հատկապես քրիստոնեական և մահմեդական արվեստներում ու հոգևոր կյանքում Կենաց ծառը առաջնային է ինչպես գեղարվեստում, այնպես էլ սյուժետային նկարներում: Արարատյան թագավորությունում (Ուրարտու) որմնանկարներում և տաճարական ծիսական արվեստում արդեն Կենաց ծառի կողքերին պատկերվել են անմորուք և մորուքավոր քրմեր (Էրեբունիի որմնանկարներում) և անթև պատանիներ, թևավոր աստվածություններ` հովանի ունենալով պահպանիչ օձեր (Արգիշտիի սաղավարտի վրա). Էրեբունիում հայտնաբերվել են որմնանկարների բեկորներ` խաղողի որթերով ու ողկույզներով. մի ամբողջ տիեզերաստեղծ ական (կոսմոգոնիական) պատկեր կա միայն միֆրիզի դրվագներում` սրբազան երկնքով, սրբազան արմավի ծառերով, որթատունկերով, որոնց մեջ պատկերված է պտտվող ծաղիկ կամ արևի սկավառակ, որոնք պահպանում են սրբազան ցուլերը և առյուծները: Էրեբունիի որմնանկարների բեկորներում հայտնաբերված արմավը, որթատունկը, նուռը սրբազան մոտիվներ են դարձել նաև հայ մանրանկարչության մեջ: Իրանում հայտնի է հազար ու մի դարման ունեցող Գաոկըրընա ծառը, որ տնկել է Ահուրամազդան: Այն բարձրանում է Վոուրուկաշա ծովում. նրա ճյուղերում Սաենա թռչունն է: Իրանական դիցաբանության մեջ մեծ տեղ ունի Էլբրուս լեռան վրա աճող Հաոմա Կենաց ծառը, որը հետ է մղում մահը: Հաոման և զրադաշտականության մեջ ավելի ուշ հայտնի Գոկարդ ծառերն ունեն Գաոկըրընայի տարրերը: Գոկարդը աճում է օվկիանոսում կամ ծովում և սկիզբն է ամբողջ բուսականության: Սիմուրղ (սինամրա, սենմուրվ ևն) թռչունը կոտրել է նրա ճյուղը և սերմերը խառնել ջրերին: Այդ ծառի մականունը Յադ-բեշ է` «չարահալած»: Դժվար չէ տիեզերաբանական իմաստներ գտնել աքեմենյան արվեստում ներկայացված ծառերի պատկերաքանդակներում: Պերսեպոլիսի ապադանաների (տաճարների) պատկերաքանդակներում գլանակնիքների վրա առկա են նոճիների սրբազան ծառեր, արմավների պատկերներ: Սասանյան արծաթե գավաթների վրա կան ծովի վրա հառնող լեռան պատկերներ` ծառերին կանգնած ձկներով, արծաթե թասեր` սիմուրղ հավքերի պատկերներով: Կենաց ծառն իր բնորոշումներն ունի Աստվածաշնչում. «Աստված դրախտ տնկեց Եդեմում` արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, իսկ կենաց ծառը և չարի ու բարու գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում» (Ծննդ. 2.8–9): Անբաժան են այստեղ մարդը և Կենաց ծառը: Կենաց ծառից զրկվելով` մարդը զրկվում է հավիտենական կյանքից` հրե սպառնալիքի տակ («Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել կենաց ծառը տանող ճանապարհները», Ծննդ. 3.24): Կ. ծ. այնուհետև հիշատակվում է Սողոմոնի առակներում (Առակ.3.18, 11.30, 13.12, 15.4), որտեղ իմաստուն և արդար այրը (Հիսուսի նախատիպը)` «…կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (3.18), որ` «Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից» (11.30): Հայտնության գրքում ավելի է հարստանում Կենաց ծառի գաղափարը, լրանում Աստծո դրախտի մեջ գտնվող «կենաց փայտով» (այսինքն` խաչով)` փոխարենը արևելքում տնկված դրախտի Կենաց ծառի: Հայտնության Կենաց ծառը տալիս է տասներկու պտուղ` ըստ ամիսների թվի, իսկ «… ծառի տերևը ազգերի բուժման համար էր» (Հայտն. 22.2): Մի այլ անգամ Հիսուսի անունն հիշատակվելուց առաջ խոսվում է պատվիրանները պահողների մասին, որոնք «իրավունք ունեն ուտելու կենաց ծառից» (22.14): Հիսուսն իրեն համարում է «արմատ եւ սերունդ [ազգ]… Դավթից» (22.16), որ անվանվում է «Հեսսեի ծառ» և XIX դարից նկարվում է իբրև տոհմածառ Մատթեոսի (երբեմն նաև Ղուկասի) Ավետարանի անվանաթերթում: Զարդարվեստի բուսական մոտիվների ամենագլխավոր արտահայտությունը Կենաց ծառն է: Այն ունի հիմնական մոտիվներ, աճի հետ կապված` բույսի ամենագլխավոր օրգանները` հատիկի (սերմի), ծաղկի և վարսանդաառէջքային օրգանների գաղափարապատկերները: Քրիստոնեության սկզբնական շրջանում գերիշխող հելլենիստ. և մերձավորարևելյան (իրանա-սեմական)` հիմնականում ճարտարապետական զարդարվեստի ազդեցության տակ մի քանի բուսական մոտիվներ (արմավազարդեր, ակաթազարդեր կամ արջամագիլներ, զանազան հյուսվածքազարդեր, նռան ու խաղողի մոտիվներ) մեծ տարածում են ստացել: Սակայն քրիստոնեական (մանավանդ հայ միջնադարյան) արվեստում Կենաց ծառ համարվող այդ մոտիվները վեր են բարձրանում «զույգ ծաղիկ», «պտղաբերություն» և նման թեև կենսական, բայց նախնական պարզ գաղափարներից և հարստանում աստվածաշնչային և մեկնողական հոգևոր հարուստ գաղափարաբանությամբ: Արմավն արդեն խորհրդանշում է արդարներին և երկնային արքայությունը (Երուսաղեմ մտնելիս Հիսուսի առջև պատանիները արմավի ճյուղեր են փռում), Հիսուսի տոհմածառը կամ Հեսսեի (Դավթի հոր) ծառը, որտեղ որպես արմավի պտուղ պատկերվում են Հիսուսի նախնիները (թիվը փոփոխական է)` զարդարված արմավի ճյուղերով, ինչպես` մեդալիոններով: Ձեռագիր Ավետարանների խորանապատկերներում, անվանաթերթերում և այլուր, ինչպես նաև խաչքարերի վրա էլ ավելի է ընդլայնվում Կենաց ծառի գաղափարը` տարածվելով նռնենիների, ձիթենիների, խաղողի որթի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը` կապված նահապետների, մարգարեների, ճգնավորների դասերի, առաքյալների հետ ևն: Կենաց ծառի բովանդակությունն էլ ավելի է հարստանում` կապվելով զույգ և ավելի մեծ թվով թռչունների ու կենդանիների խորհրդաբանության հետ (աքաղաղներ, սիրամարգեր, ձկնաքաղ հավքերի տեսակներ` հավալուսն, կռունկ, ձկնկուլ, կտցար, նաև կաքավներ, աղավնիներ ևն): Դրանք նախնական իմաստներով թեև առնչվում են ծնող զույգի գաղափարին, բայց ստանում են առավելապես հոգևոր բովանդակություն` էպիկուրյան և պլատոնական վայելքի ու սիրո (էրոսի) գաղափարն ուղղելով դեպի հոգևոր վայելքի հունը (Դիոնիսիոս Արիոպագացու երկերը): Դրանց մասին առանձին խոսվում է Ստեփանոս Սյունեցու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և ուրիշների «Խորանների մեկնություններում»: Կենաց ծառի և ծաղկող խաչի հետ կապված գաղափարները նախնական իմաստներից (աճ, տերև, վարսանդ, առէջքներ, ծաղիկներ, ծնող զույգ ևն) հոգևոր վերելք են ապրում նաև հայ և քրիստոնեական միջնադարյան պոեզիայում: Կենաց ծառի նախնական իմաստները (զուգավորման, բազմացման) ավելի ցայտուն են ժողովրդական երգերում («Ջան գյուլումներ», խաղեր, էպոս ևն), որտեղ հետագայում խառնվում է կրոնական-հոգևորը: Գրիգոր Նարեկացու Վարդավառի և Հայտնության (Ավետիսի) տաղերում առավելագույնս արտահայտված է Կենաց ծառի այն գաղափարը, որն առկա է մանրանկարչության մեջ (հատկապես կիլիկյան` Հեսսեի ծառի պատկերի լավագույն օրինակներում), ճոխացված գրական շքեղ խորհրդավոր պատկերներով, որոնք դժվար է արտահայտել մանրանկարչության մեջ: Գրիգոր Նարեկացու բարձր ոճն ավելի մտերմիկ ու հուզական երանգ է ստանում ժողովրդական կամ միջին հայերենով մեզ հասած «Ավետիսներում», «Ծովին և նավին» ու «Կարոս Խաչին» տաղերում: Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий